ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Ջեյմս ՈՒորլիքին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին Երևանում ընդունել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպմանը մասնակցել է առաջիկայում նշանակվելիք ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդիոն: Ժակ Ֆորը հանդիպման սկզբում նրան ներկայացրել է ՀՀ նախագահին:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել համանախագահ Ժակ Ֆորի գործունեությունը և շնորհակալություն հայտնել բանակցային գործընթացում մինչ այժմ նրա իրականացրած կարևորագույն առաքելության համար:
Հանդիպման ժամանակ համանախագահները նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:
Նույն օրը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Ջեյմս ՈՒորլիքին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Նրանք քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:
Անդրադառնալով հրադադարի հաստատման 20-ամյակին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը 20 տարի շարունակ կոպտորեն խախտում է ոչ միայն 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև հաստատված հրադադարի, այլև 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ եռակողմ ձևաչափով համաձայնությունները, շարունակական սադրանքներ կազմակերպում Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում, հրաժարվում է կյանքի կոչել շփման գծից դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ միջնորդների նախաձեռնությունները, որ խոչընդոտում է բանակցային գործընթացն առաջ մղելու Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ նախորդ տարվա նոյեմբերին Վիեննայում նախագահների հանդիպումից հետո որոշակի հույս առաջացավ, որ կարելի է առաջ մղել բանակցային գործընթացը, սակայն ադրբեջանական կողմը, ինչպես և հաճախ պատահել էր նախկինում, վերստին հետքայլ կատարեց: Դա ակնհայտ էր ՄԽ համանախագահների հետ ԱԳ նախարարների վերջին հանդիպման ժամանակ, երբ ադրբեջանական կողմը մերժեց համանախագահների առաջարկը, որն արվել էր համապատասխան երկու նախագահների միջև Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածության: Զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ իր ապակառուցողական քաղաքականությամբ մերժելով եռանախագահների բազմաթիվ առաջարկությունները՝ Բաքուն խոչընդոտում է բանակցություններում առաջընթացի արձանագրումը և դրանով իսկ ամեն ինչ անում ստատուս քվոյի պահպանման համար: